Հայկական զինուժը իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով
Հայ–ադրբեջանական շփման գծում լարվածություը վերջին շրջանում նվազել է, խոշոր տրամաչափի զենքերից կրակոցները` քչացել, իրավիճակը վերահսկելի է: Այս մասին նոյեմբերի 14-ին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնակցում էր սահմանին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Միքայել Թորոսյանի հոգեհանգստի արարողությանը:
«Չնայած վերջին երկու օրվա ընթացքում այս դեպքը տեղի ունեցավ, երկու զոհ ունեցանք, կարելի է ասել` իրավիճակը վերահսկելի է: Հայկական զինուժը ե′ւ Հայաստանի, ե′ւ Արցախի սահմաններում, իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով: Զինվորները պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն անվտանգության հետ կապված բոլոր հարցերում»,-ասաց պաշտպանության նախարարը:
Օհանյանն ընդգծեց, որ այսպիսի դեպքերում միակ սփոփանքը զոհերի ծնողների կողքին լինելն ու նրանց մխիթարելն է. «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք ու զինված ուժերի ամբողջ ղեկավարությամբ սփոփանքի խոսքեր ենք ասում մեր զինծառայողների ծնողներին, կիսում նրանց վիշտը: Գտնվելով այստեղ` մեր ողջ ժողովրդին ուզում ենք ասել հետեւյալը, որ մեր զինվորները զոհվելուց հետո առաջին իսկ րոպեից իրական հերոսներ են, ժամանակ պետք չէ, որ մենք գնահատենք նրանց արժանիքները: Այսպիսի դեպքերը նաեւ միավորում են, միաբանության մթնոլորտ են ստեղծում»,- նշեց նա։
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ընթացքում քննարկվել է հարակից տարածքների վերադարձի հարցը` նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հայկական կողմի տեսլականն անփոփոխ է։
«Ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս հասկանանք այն իրականությունը, որն այսօր գոյություն ունի, եւ նաեւ իմանանաք, որ ղարաբաղյան հարցի լուծման խնդրի շուրջ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսակետները հետեւյալն են` միայն խաղաղ ճանապարհով հարցի լուծում, երկխոսության ճանապարհով փոխադարձ համաձայնություն, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորում` զերծ բոլոր կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, նաեւ միջազգային հետաքննության պայմաններ ստեղծելը` ռազմական փորձագիտության հիման վրա: Այն ինչ ասվում է հասարակության մեջ եւ տարբեր լրատվամիջոցներում, անհատական վերլուծություններ են, որոնք իրականության հետ կապ չունեն։ Բոլորս պետք է հասկանանք, որ եթե հանկարծ Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար կռվելու ենք այնպես, ինչպես կռվել ենք Արցախյան ազատամարտի տարիներին»։
Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։