Պայծառ գարունն ու կապույտ Երևանը` NEWSPRESS.am-ի աչքերով (լուսանկարներ)
Երևանում արդեն գարուն է։ Պայծառ եղանակի հետ մեկտեղ մի քիչ պայծառացել են նաև մարդիկ։ Առօրյա հոգսերը մի փոքր մոռանալու համար երկնքում հայտնվել է պայծառ ու տաք արևը, որն իր ջերմությամբ տաքացնում է շատերին։ Ոմանք մարդկային տաքության պակասից նայում են արևին ու ժպտում նրան այնպես, ինչպես արեգակն է ժպտում իրենց։ Այս փոխադարձ հարգանքից ու սիրուց շատերը երջանկանում են։
Երջանկանում են, քանի որ ցուրտ, սառն ու տխուր օրերին փոխարինելու եկավ տաք ու ջերմ արևը։ Չնայած պետք է փաստել, որ այս տարի ցուրտ ու մռայլ օրերն այդքան էլ շատ չէին, բայց, այնուամենայնիվ, մարդիկ կարոտել էին տաք արևին։
Տաք են փողոցները, մայթերն ու շենքերը։ Արևի տակ տաքանում են քաղաքի թափառական շներն ու կատուները, կյանքի մայրամուտին հասած մարդիկ ու նոր-նոր լույս աշխարհ եկած մանուկները։
Տաքանում են հողը, քարն ու աշխարհը։ Այս տաքության հետ մեկտեղ բնությունը ցանկանում է նոր զարթոնք, աշխարհի ու մարդու վերածնունդ։ Բնությունը ցանկանում է, որ մարդն աշխարհին նայի նոր ու ուրիշ աչքրով։ Յուրաքանչյուր գարնան գալստի հետ բնությունը երազում է այդ ամենի մասին, իսկ իրականությունը թաքնված է աշխարհի վրա կանգնած «մարդ-գազանի» գործողություններում։