Ավագանու նիստերը չեն կարող լինել դռնփակ. ՄԻՊ
Երևանի ավագանու նիստերը չեն կարող լինել դռնփակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ինչ կարգավորում էլ որ լինի, չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման։
«Այդ ժամանակաշրջանում նկատեցինք լրագրողներին պետական համակարգից օտարացնելու միտում»,- ասաց Արման Թաթոյանը և հավելեց, որ դա վտանգավոր երևույթ է և չպետք է թույլ տալ, որ այն ձևավորվի։ Նրա խոսքով՝ լրագրողին երբեք չպետք է ընկալել որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ, այլ նրան պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողն ինքն ունի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր պատասխանատվություն ու կոչում։
Հարցին, թե նույն մտահոգությունը չկա՞ կառավարության նիստերի վերաբերյալ, ՄԻՊ-ը պատասխանեց․ «Մենք իրականացրել են միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Գործադիրի հետ կապված, այո, երկրների մեծ մասում գործադիրի նիստերը փակ են, բայց գործադիրի անդամները նիստերից առաջ և հետո բրիֆինգներ, քննարկումներ են անում լրագրողների հետ, որի նպատակն կոմպենսացնել նիստի առերևույթ փակ լինելը։ Գործադիր իշխանությունն այլ է, բայց քաղաքապետարանը ներկայացուցչական մարմին է, այնտեղ անձիք են, որոնք ընտրվել են քաղաքացիների կողմից»: