Եթե ձեր երեխաների շահն էլ լիներ, էլի կառաջարկեի. Միհրան Պողոսյանը՝ հանուն իր և բոլորի երեխաների
ՀՀ օտարերկրյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում կտան։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որին հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին։
«Օտարերկրյա հանրակրթական հաստատություններում սովորող 19 տարին չլրացած աշակերտներին մենք այս օրենքով տվել ենք տարկետման հնարավորություն»,- ասաց Միհրան Պողոսյանը և հավելեց, որ խոսքը չի վերաբերում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին։
Հարցին, թե, եթե երեխաներն ունեն երկքաղաքացիություն և ցանկություն ունենան ծառայել, օրինակ, Ռուսաստանում, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, այս դեպքում օրենքն ինչպե՞ս է կարգավորելու այս հարցը, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Դե ես կարծում եմ, որ օրենքը կարգավորում է երկքաղաքացիության մասին օրենքը» ։
Եթե ձեր երեխաների շահը չլիներ, օրենքի նախագծի փոփոխության առաջարկ կանեի՞ք.. լրագրողների հարցին էլ պատգամավորը պատասխանեց՝ եթե ձեր երեխաների շահն էլ լիներ, էլի կառաջարկեի։