Սառը զենքն ամեն երկաթի կտոր չի․ Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկին, ազատ են արձակել
Այսօր ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանին:
Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ իրեն բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով:
«Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- ասել է Բարսեղյանը:
Իսկ ավելի ուշ նա հայտնել է, որ իրեն բաց են թողել և խոստացել, որ դանակը 10 օրվա ընթացքում կվերադարձնեն։ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դանակի մոդելի մի նկար և գրառել․
«Ruike f815b մոտիս դանակն է եղել, երբ փորձաքննությունը ավարտվի, ես կհրապրակեմ փաստաթղթերը, որ այս դանակը չի համարվում սառը զենք, և դուք բոլորդ կարող եք ձեր մոտ կրել այս դանակից, ի դեպ սառը զենք կոչվածը շատ հազվագյուտ առարկա է»։
Նա նշել է նաև, որ օրենքը չի արգելում դանակ կրել, օրենքը արգելում է սառը զենք կրել։ Իսկ սառը զենքն ամեն երկաթի կտոր չի կարող համարվել։