Կապտամազ աղջիկը, համացանցային բախումներն ու դեպքից 50 օր հետո լուսաբանման ոդիսականը
Այսօր համացանցում եռում է «Ասյա Խաչատրյանի թեման»։ 19-ամյա աղջկա ու Արցախի Հանրապետության ոստիկանության միջև տեղի ունեցածը հայտնի է բոլորին։ Այս հարցի շուրջ առաջին հրապարակումներից հետո ամբողջ համացանցը սկսեց քննարկել, դատապարտել, կարծիք հայտնել, պաշտպանել 2 կողմերին էլ։ Հետաքրքիր է, որ հարցի շուրջ քննարկումներն արդեն հիմա այնքան են թեժացել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայ օգտատերերը բաժանվել են 2 խմբի։
Արցախի Հանրապետության օգտատերերը չեն ընդունում Ասյայի հնչեցրած մեղադրանքները, դատապարտում են 19-ամյա կապտամազ աղջկա պահվածքն ու նշում, որ Արցախում ոստիկանները նմանատիպ պահվածք չունեն։ Իսկ Հայաստանի Հանրապետության ֆեյսբուքյան հայ օգտատերերը մեկը մյուսի հետևից մեղադրում են Արցախի ոստիկաններին, նրանց գործողությունները համեմատում Երևանում ակցիաների ժամանակ իրենց դաժանությամբ աչքի ընկած ոստիկանների գործողությունների հետ ու ծաղրում, որ Արցախում կապտամազ ու ծխող աղջիկներին չեն ընդունում։
Մեղադրանքներն ավելանում են, հարցը շարունակում է քննարկվել, Ասյան կայքերում նշում է, թե ինչպես են վարվել իր հետ, իսկ արցախցիները շարունակում են հերքել, մերժել ու պաշտպանել իրենց ոստիկաններին։
NEWSPRESS.am-ը կարողացավ զրուցել մարդկանց հետ, ովքեր արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ու աշխատում են Արցախում։ Մեր զրուցակիցները նշեցին, որ Արցախում ապրելու առաջին իսկ օրվանից ոստիկանների կողմից տեսել են միայն լավ վերաբերմունք, ովքեր իրենց օգնել են շատ հարցերում։ Արմենն արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում է, սակայն մոտ 1 տարի աշխատել ու ապրել է Արցախում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այնտեղ անցկացրած ժամանակաշրջանում վատ բան չի տեսել։ Նա ընդգծեց նաև, որ մի քանի անգամ նույնիսկ իրեն օգնել են ու անսարք վիճակում գտնվող մեքենան տարել վերանորոգման վայր։
Հատկանշական է այն, որ մեր զրուցակիցները հաստատեցին, որ Արցախում շատ են եվրոպացի զբոսաշրջիկները, ովքեր ունեն կարմիր, կապույտ, կանաչ ու այլ գույնի մազեր, սակայն մինչ օրս ոչ մի բռնության դեպք չեն տեսել կամ լսել։ Փաստացի վերջին տարիներին համացանցում չի հայտնվել այնպիսի մի լուր, որտեղ խոսվի «տարօրինակ» մազի գույն ունեցող, ծխող, իգական սեռի զբոսաշրջիկի կամ Հայաստանից ժամանած աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Համացանցային քննարկումներում օգտատերերից ոմանք (ովքեր ունեն «տարօրինակ» մազեր ու եղել են Արցախում) նշեցին, որ իրենց նույնպես տարօրինակ էին նայում Արցախում, սակայն բռնության չեն ենթակվել ոչ ոքի կողմից։
Իսկ համացանցային քննարկումներում շեշտադրումը հստակ է։ Օգտատերերը բարձրաձայնում են, որ խնդիրն այն է, որ Ասյան Հայաստանի Հանրապետությունից է, ծխում է, ունի կապույտ մազեր ու ծխելով քայլել է գիշերային Ստեփանակերտում։ Իսկ մի՞թե այսքան ժամանակ նմանատիպ մարդ չի եղել Արցախում։
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, սակայն համացանցում այս քննարկումներն ու նյութերը սկսեցին հայտնվել մարտի 26-ին։
Փաստացի դեպքից մոտ 2 ամիս անց միայն այս դեպքը հայտնվեց համացանցում։
Իսկ փաստացի այս իրադարձության լուսաբանումից հետո համացանցում բախվում են 2 կողմեր։ Մի կողմից Հայաստանի Հանրապետության օգտատերերն են, ովքեր դատապարտում են, վիրավորում, ու շատերն անգամ նշում, որ այս դեպքից հետո չեն էլ ցանկանում գալ Արցախ, իսկ մյուս կողմում արցախցիներն են, ովքեր դատապարտում են 19-ամյա աղջկա պահվածքն ու նշում, որ Արցախում ոստիկանները հարգալից վերաբերմունք են ցույց տալիս բոլորի նկատմամբ։