«Աշոտյանի փայլփլող դեմքը բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն». Լ. Զուրաբյան
«Եթե Արմեն Աշոտյանն իր մեղադրանքները գնահատում է որպես գովազդ, ապա ես մշտապես կապահովի այդ գովազդը»:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Լևոն Զուրաբյանը «ֆետիշացնում է իրեն»:
Զուրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արմեն Աշոտյանն իր արարքի համար քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել: «Ովքեր կատարում են Արմեն Աշոտյանի հրամանները, թող իմանան, որ դրա համար հասնում է քրեական պատասխանատվություն՝ 140-րդ հոդվածի համաձայն»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդմանը, Լևոն Զուրաբյանն ասաց, թե դրանով ևս Աշոտյանը խախտում է անկողմնակալության սկզբունքը: «Ո՞նց եք պատկերացնում, հիմա Հիլարի Քլինթոնը գնա շոու վարի ու լինի անկողմնակալ: Ասենք թեկնածուների միջև բանավեճ լինի գնա վարի, մենք կարո՞ղ ենք հավատալ նրա պնդումներին, որ ինքը անկողմնակալ է: Միայն իր փայլփլող դեմքը բավարար է, որ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտվեն»,- եզրափակեց Զուրաբյանը: