«Սերժ Սարգսյան» ներկայացումը՝ մի քանի գործողությամբ
Արար 1
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարումը ՀՀ նախագահի աշխատակազմից անցնում է կառավարության աշխատակազմին․ նման որոշում է ընդունել կառավարությունը։
Ի դեպ, նախագծի հիմնավորման համաձայն՝ «որոշման ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից»։ Թե որոնք են այդ «իրավակարգավորումները», պարզ է, այն պայմանավորված է Սերժ Սարգսյանի նախագահականից վարչապետություն տեղափոխմամբ։
Արար 2
Սերժ Սարգսյանը գնում է կառավարություն, և այն բոլոր կառույցները, որոնք գտնվում էին նախագահականի անվան տակ՝ անցնելու են կառավարությունը։ Փոխվում է պարզապես անվանումը՝ կառավարություն, սակայն կառավարությունն ունենալու է նախագահական սկզբունքներ՝ նախագահական լիազորություններով։ Ամեն ինչ արվում է, որ Սերժ Սարգսյանի մարգարեությունն իրականանա՝ նախագահ չեմ ուզում, վարչապետ եմ ուզում։
Արար 3
Բացի այդ, նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ—ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Նշենք, որ այս շենքը ՀՀ նախագահների համար է նախատեսված: Լավ այլ բնակարան, հողատարածք, տուն չկա՞ր, պետք էր անպայման պետությունը կողոպտել։
Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, նախագահից դառնում է վարչապետ, ՀՀ նախագահի բոլոր լծակներն անցել են վարչապետին, սեփականացնում է է պետության ունեցվածքը․ նման նախագահին սերունդներն ի՞նչ գնահատական են տալու, եթե իհարկե Սերժ Սարգսյանին անհանգստացնում է 2040-ը։
Վերջին Արար
Այսքանից հետո նշվում է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնաթող է, սակայն չի մանրամասնում՝ մինչև երբ։