Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներն անհամեմատելի են և՛ խոսքի ազատության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով․ Շարմազանով
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները բարեփոխումների և պետականաշինության տարիներ էին:
Այսպես է բնութագրում նախագահ Սարգսյանի պաշտոնավարումը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, նկատեց, որ այդ տարիները բարդ ու մարտահրավերներով լի ժամանակաշրջան էր և գրեթե բոլոր ոլորտներում մեր պետությունը, մեր հասարակությունը հասել է հաջողությունների:
Համեմատելով 2008-2018 թվականները, Շարմազանովը նշեց, որ այդ տարիներն անհամեմատելի են և՛ խոսքի ազատության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով։
«Ազատ մամուլը ոչ ժողովրդավարական երկրներում չի լինում, Ստրասբուրգում նախագահ Սարգսյանի ելույթը, հանդիպումները մի բան ցույց տվեցին, որ եվրոպական մի կառույց չկար, որը կքննադատեր Հայաստանին ոչ ժողովրդավար լինելու մեջ»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում դուրս կգան փողոցային պայքարի և պատրաստ են փակել անգամ Բաղրամյան պողոտան, որ պատգամավորները չկարողանան գնալ քվեարկության, Շրմազանովն արձագանքեց, որ ոչ ոք իրավունք չունի խախտել Սահմանադրական կարգը։
«Ոչ Էդուարդ Շարմազանովին, ոչ էլ պարոն Փաշինյանին իրավունք չի տրվում խոչընդոտել ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ քվեարկել: Ինչքան Սահմանադրությունն ամրագրել է պարոն Փաշինյանի իրավունքները որպես քաղաքական փոքրամասնություն, այնքան էլ Սահմանադրությունը ամրագրել է քաղաքական մեծամասնության իրավունքները, և մենք պարտավոր ենք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքներն ամբողջ ծավալով իրականացնել»,-ասաց Շարմազանովը:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ վարչապետության հետ կապված ՀՀԿ-ն դեռ պաշտոնական քննարկում չի ծավալել և կոռեկտ չի համարում դրա մասին խոսել: