ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականը ողբերգական վրաերթի զոհ է դարձել. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին, ապա բախվել Գ. Հ.-ի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ հայտնվելով կիսաշինության տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված Գ. Հ.-ն Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կայքը հայտնում է, որ մահացած Գ. Հ.-ն դեպի Երևան ընթանալիս նկատելով, որ ճանապարհին մեքենա է վթարվել՝ իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել: Այդ ժամանակ էլ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին:
Որոշ ժամանակ անց մեղայականով ոստիկանություն է ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վ. Խ.-ն, ով հայտնել է, որ Lexus-ն ինքն է վարել:
Դեպքի վայրում հավաքվածնները հաղորդել են, որ վրաերթի հետևանքով մահացած Գ. Հ.-ն Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում