Նոր սպառնալիք՝ ազգային անվտանգությանը. «Մերսում» անվան տակ սեռական ծառայություններ են մատուցում
Տարատեսակ հանցագործություններին զուգահեռ Ազգային անվտանգության նոր, շատ ավելի կարևոր խնդիր են դարձել հասարակության մեջ սնկի պես աճող «մերսման սրահները»: Մենք, իհարկե, այդքան էլ միամիտ չենք՝ հասկանալու համար, որ մերսման սրահներում մատուցում են ոչ միայն մերսման ծառայություններ, այլ նաև սեռական ծառայություններ: Հենց այդ ամենը հասկանալով հանդերձ էլ՝ խնդիրը համարում ենք ազգային անվտանգության համար շատ ավելի կարևոր մարտահրավեր, որը նախկինում գուցե չկար էլ:
Սոցիալական ցանցերում մարմնավաճառները և մերսուհիներն առաջարկում են իրենց ծառայությունները՝ ներկայացնելով նաև գները, թե որ ծառայության համար որքան գումար են ստանում: «Ֆեյսբուք», «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» սոցցանցերում հազարից անցնում են «մերսուհիներն» ու մարմնավաճառները:
Հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց այսքան նվաստացավ մեր հասարակությունը, որ հայ կանայք ակամա դարձան մարմնավաճառ-մերսուհիներ:
Ընթերցողի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի այս ամենի, ավելի կոնկրետ՝ անբարոյականության հետ Ազգային անվտանգության մարմինը: Պատասխանը շատ պարզ է ու հստակ՝ անբարոյականության այս մթնոլորտն ուղիղ ազդում է մեր ամբողջ հանրապետության ու ազգի բարգավաճման վրա: Դարեր շարունակ մեր եզակի հպարտություններից է եղել հայի բարոյական նկարագիրը, բայց եկել է մի դար, որտեղ կանայք բացահայտ կերպով վաճառքի են հանել իրենց: Կանայք չեն խորշում իրենց մերկ նկարներով ողողել են համացանցն ու առանց ամաչելու գին են սահմանել մարմնի մասերի համար:
Սա հենց ազգային ավտանգության հարցն է:
Խոսում ենք 4 միլիոնանոց երկիր ունենալու մասին, բայց հազարները դառնում են մարմնավաճառներ: Խոսում ենք բարոյականության ու կրոնի մասին, բայց հասարակաց տները տեղափոխվել են համացանց: Այսպես շարունակելը խելագարություն է: Սա հայկական սոդոմ-գոմորի ժամանակակից տեսակն է:
Ուշքի գալու ժամանակը վաղուց է անցել:
Հ.Գ. Գևորգ Մարզպետունին ասում էր. «Հզոր պետություն ունենալու համար մեզ անհրաժեշտ են ամուր ընտանիքներ»: