«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք»․ վարչապետը Հյուսիսային պողոտայի պայթյունի հետ կապված հանձնարարականներ տվեց
Հյուսիսային պողոտայում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ գործադիրն անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը գործող գործադիր մարմնի վերջին նիստն սկսելուց առաջ։
Նա նշեց, որ դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում։ Դիմելով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետը հանձնարարեց 2 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի oբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ:
«Խախտումների արձանագրման դեպքերում պետք է սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու համար, իսկ եթե դրանք չկատարեն, ապա պետք է կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ»,- ասաց վարչապետն ու դիմեց ԱԻ նախարարին․ «Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու իրականացում»,- ասաց վարչապետը: