«Սերժ Սարգսյանն ավելի վատ վերջաբան կունենա, քան Մուամմար Քադաֆֆին»․ Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում սկսել է հացադուլ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանը խոսեց հացադուլի նպատակի ու ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների մասին։
«Դեռևս մեկ ամիս առաջ ես ասուլիսի ժամանակ ասացի, որ ապրիլի 9-ից մինչև 17-ն իմ ժամանակաշրջանն է, քանի որ իշխանություն կրող կուսակցությունն իրավական տեսանկյունից լծակ չի ունենալու։ Մեր կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները և գտնում ենք, որ համակարգը պետք է փոխվի։ Իսկ երկրի թիվ 1 իշխանական համակարգի ներսում իրոք կան խնդիրներ։ Ինչպես Ստալինի ժամանակ էր, այնպես էլ հիմա է, ու համակարգի ներսում չկա 2-րդ կամ 3-րդ մարդ։ Ամբողջ համակարգը հենված է Սերժ Սարգսյանի վրա։ Իսկ համակարգի ներսում շատ թույլ է ու էնպես չի, որ բոլորը Սերժի արևով են երդվում։ Ինչքան էլ Աշոտյանը, Շարմազանովն ու Նաղդալյանը գովեն Սերժին, այնուամենայնիվ, ներսում բոլորն էլ ատում են Սերժին, քանի որ ստրուկի կարգավիճակում են գտնվում։ Ընդդիմությունը պետք է մի կողմ դնի հին հաշիվներն ու միանա։ Այդկերպ ժողովուրդը կհամախմբվի ու անհնազանդության միջոցով ընտրությունները կհամարվեն չկայացած»։
Արամ Հարությունյանը խոսեց նաև ակցիաներ ու երթեր իրականացնող մյուս ընդդիմադիր ուժերի ու մարդկանց մասին։
«Բոլորս իրար ենք միացած ու չկա կտրտվածություն։ Իմ ու Վոլոդյա Հարությունյանի ակցիաների տարբեր տեղերը պայմանավորված են տեխնիկական խնդիրներով։ Ինձ այստեղ ավելի հարմար է, քան հրապարակի բեմում, քանի որ այստեղ վրան եմ դնելու ու գիշերեմ։ Ժողովուրդը չի գա հրապարակ, եթե պառակտված լինենք։ Ես հավատում եմ ու հույս ունեմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ինքնասպանություն չեն գործի։
Նա, ով չի նպաստի միացմանը կստացվի, որ նա ծառայում է Սերժ Սարգսյանին ու կբացահայտվի շատ պարզ ու հեշտ։ Ես հավատում եմ, որ այս համախմբումը կլինի։ Սերժ Սարգսյանի մեջ անգամ լիդերություն չկա ու նա ավելի վատ վերջաբան կունենա, քան թե Քադաֆֆին»։
Ա․ Հարությունյանը խոսեց նաև իր կանխատեսումների մասին ու նշեց, թե ինչ պիտի հաշվի առնի ընդդիմությունը։
«Պետք է հաշվի առնել այն, որ հրապարակի ամբիոնից պետք է չհնչեն հակառուսական ու հակաամերիկյան կոչեր։ Եթե հակառուսական կոչ լինի, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելու է Վլադիմիր Պուտինը, իսկ սա մեր ներքին խնդիրն է։Մեզ ոչ Ամերիկան է ասել, որ ընտրությունները կեղծենք, ոչ Ռուսաստանը և ոչ էլ Եվրոպան։ Մեր գերխնդիրը մեր ներքին խնդիրները լուծելն է ու սա լավագույն պահն է, որ համախմբվենք ու այս խնդրին լուծում տանք»։
Հավելենք նաև, որ Արամ Հարությունյանը «Սե՛րժ, գնա՛, գնա» համահայկական նախաձեռնության հիմնադիրն է, ում սկսած հացադուլը տևելու է մինչև ապրիլի 17-ը։