Ինչպես ՀՀԿ-ն կուլ տվեց ժողովրդավարությունը
Այս տարի ամբողջացավ այն վերջին կաթիլը, որը մնացել էր ՀՀ ժողովրդավարության կճուճի տակ. այն դատարկվեց, երբ փոխվեց Սահմանադրությունը, և ժողովուրդն արդեն որևէ ղեկավար չի ընտրում։
Նախկինում հանրությունը գոնե մասնակից էր լինում ընտրական գործընթացներին՝ կաշառքի կամ այլ միջոցներով: Այժմ փողը խնայում են, և որոշվել է ժողովրդի վրա փող չծախսել ու իրենք իրենցով, խմբակային ընտրեն ում ուզում են և ինչքանով ուզեն։
Հետաքրքիր է, որ Սահմանադրության փոփոխությունները նաև Արևմուտքում են հավանության արժանացել. արևմուտքցիների մտքով հավանաբար չի էլ անցել, որ «էն կինքում էլ կխաբեն» կամ էլ վստահ են եղել, որ, միևնույնն է, խաբելու են, և արևմուտքցիներին ևս ձեռնտու է նման իրավիճակը։
Իսկ այն, որ նման ընտրություններով իշխանությունները, մասնավորապես և՛ նախագահը, և՛ վարչապետը կղզիանում են, ակնհայտ է։ Հանրությունն այսպիսով չի մասնակցում որևէ ընտրական գործընթացի, բացի պատգամավորների համար քվեարկելուց, որոնք էլ ընտրում են իրենք իրենց. մի քիչ փող են ծախսում, մի քիչ շատ անկատար մնացող խոստումներ են տալիս ու այդքանով էլ ընտրվում է երկրի ղեկավար կազմը։
Իհարկե, այս սցենարն ավելի շատ կատակերգություն է հիշեցնում, քան իրական կինո, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Իրական կինոյի պարագայում ՀՀԿ-ն չէր դառնա հավիտյանս իշխող ուժ, իսկ Սերժ Սարգսյանը չէր փոխի թասակը թագի հետ։
Հետագա սցենարի զարգացումը կբերի նրան, որ անդունդն իշխանության և ժողովրդի միջև կխորանա, մինչև այդ էլ յուրաքանչյուրն ապրում էր իր կյանքով: Հետայսու հայհոյանքները նույնիսկ տեղ չեն հասնելու. բոլոր հասանելի խողովակները փակ են։
Եվ ինչպե՞ս են եվրոպական երկրները բնորոշելու Հայաստանի ժողովրդավարությունը, երբ նման ժողովրդավարություն որպես այդպիսին չկա․ չկան ազատ ու անկախ ընտրություններ, արդեն չկան անգամ կաշառքով ընտրություններ, մարդիկ չեն մասնակցում երկրի ղեկավարմանը, ինչպես հավաստում է Սահմանադրությունը։
ՀՀԿ-ն առաջադրելու է, ՀՀԿ-ն ընտրելու է, ՀՀԿ-ն որոշելու է, ՀՀԿ-ն կամենալու է և Հայաստանում լինելու է ՀՀԿ-ի կամքը: Իհարկե, դեռևս քննարկվում է երկնքում ևս ՀՀԿ-ի կամքը լինելու առաջարկը, սակայն վախենում է «էն աշխարհում» ՀՀԿ-ի մենիշխանությունից։
Չար լեզուներն ասում են, որ ՀՀԿ-ականներին «էն աշխարհ» չեն տանում, քանի որ վախենում են այնտեղ ևս ժողովրդավարությունը ողջ-ողջ կուլ տա։