«Որքան քիչ կառավարություն, այնքան քիչ կոռուպցիա»
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է ստուգել երկրի թոփ-20 ամենախոշոր պետական ընկերությունները։ Այդ մասին նա հայտնել է հակակոռուպցիոն համաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, գրում է «112.Ուկրաինա» հեռուստաալիքի կայքը։
Իր ելույթի ընթացքում Ուկրաինայի վարչապետը նաև ընդգծել է, որ որքան քիչ իշխանությունն ազդի տնտեսության և սոցիալական կյանքի վրա, այնքան ցածր կլինի կոռուպցիայի մակարդակը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը մի քանի բաղադրիչ է ենթադրում։ Առաջին բաղադրիչն ապակարգավորման հետագա շարունակությունն է և տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի վրա պետական իշխանության և իշխանության մարմինների ազդեցության նվազումը։ Որքան քիչ կառավարություն, այնքան քիչ կոռուպցիա։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում խորհրդարանին շարունակել օրենքներ ընդունել Ուկրաինայում ապակարգավորման և կյանքի պարզեցման համար, որպեսզի այսօր գոյություն ունեցող կոռուպցիայի հիմքերը պարզապես վերանան»,- հայտարարել է Յացենյուկը։