«Լռությունը համաձայնության նշան է». Լ. Մարտիրոսյանը բոյկոտը շփոթում է լռության հետ
«Մենք դեմ ենք այս նախագծին, ոչ թե ուղղակի, որ ՀՀԿ-ն է դա առաջարկում, ինչպես ոչ-ի ճակատն է ասում, այլ դեմ ենք սկզբունքորեն, գաղափարապես»:
Այսօր լրագրողների հետ զրույցում, իր տեսակետը հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա այս Սահմանադրությունը համեմատեց ծաղկեփնջի հետ, որտեղ մի քանի գեղեցիկ ծաղիկներ կան, իսկ մյուսները` փտած են: Արամ Սարգսյանը նկատեց, որ 1995-ին իրենք այն հինգ կուսակցությունների շարքում են եղել, որոնք ցանկանում էին անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց այժմ դեմ են, քանի որ «սարերի ու ձորերի տարբերություն կա»:
Անդրադառնալով ՀՅԴ դիրքորոշմանը` Արամ Սարգսյանն իր տարակուսանքն ու զարմանքն արտահայտեց. «ՀՅԴ-ն մոռացել է, որ իրենք սոցիալիստներ են և չեն կարող անտեսել այն բոլոր թերությունները, որոնք կան այս նախագծում: Զարմանում են, թե Դաշնակցությունը ո՞նց է կողմ քվեարկելու»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ վստահ է, որ Սահմանադրությունն ավելի լավը լինել չէր կարող, քան այս տարբերակն է:
«Սա փորձ է գոնե քաղաքական համակարգը փոխելով, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելով՝ երկրի առաջ ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծել», ասաց Լևոն Մարտիրոսյանը: Ըստ նար` սա «ռիսկային որոշում» է: Լևոն Մարտիրոսյանը նկատեց, որ քաղաքական կուսակցություններն այս պահին կայացած չեն, բայց եթե չանեն այդ փոփոխությունները, կայացած չեն լինի ևս տասը տարի:
Ի պատասխան Արամ Սարգսյանի այն տեսակետի, որ մարդիկ չեն մասնակցի հանրաքվեին` Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Լռությունն էլ է համաձայնության նշան»: