Հանրապետականն «արտագաղթել» է Ծաղկաձոր. ակցիայի մասնակիցների ծրագրերը փոխվել են
«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում այսօր ավտոերթ տեղի կունենա դեպի Ծաղկաձոր: Դա պայմանավորված է այն բանով, որ ՀՀԿ խորհրդի նիստ Երևանի փոխարեն տեղի կունենա Կոտայքում: Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում ներկաներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մինչ ավտոերթը, սակայն, ժամը 14-:00-ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը ներկաներին և ուղիղ հեռարձակմամբ իրենց հետևողներին խնդրեց բոլորին տեղեկացնել կայանալիք հանրահավաքի մասին:
«Դուք տեղյակ եք, որ մենք հայտարարել էինք, որ այսօր՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, մտադիր եք շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը, բայց մեր այդ հայտարարությունից հետո, Հանրապետականի խորհուրդն արտագաղթել է դեպի Ծաղկաձոր: Մեր պլանները դրանից մի փոքր փոխվել են: Այսօր պետք է շատ հզոր երթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր՝ դեպի այն վայրը, որտեղ պետք է ունենա ՀՀԿ խորհրդի նիստը, հետևաբար բոլոր վարորդներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ուզում են մասնակցել ավտոերթին, կոչ ենք անում 16:30-ին «Հարսնաքարի» դիմացի մայթից շարժվել Ծաղկաձոր, խնդրում ենք ունենալ դրոշներ ու ատրիբուտներ»,- ասաց Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ակցիայի բոլոր մասնակիցները չէ, որ կմասնակցեն ավտոերթին. նրանց մի մասը կմնա Երևանում և այստեղ ևս զուգահեռ գործողություններ տեղի կունենան: