Ցուցարարները դպրոցներից հանում են աշակերտներին՝ իրենց միանալու համար
Մինչ Երևանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցուցարարները շրջում են ուսումնական հաստատություններով ու հորդորում ուսանողներին միանալ իրենց, մարզերում ակտիվիստները ևս միացել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:
Գյումրիում, օրինակ, մի խումբ երիտասարդներ շրջում են ուսումնական հաստատություններով և դասադուլի կոչ անում ուսանողներին և դպրոցականներին: Վերջիններս միանում են ցուցարարներին և կոչերով շրջում քաղաքի փողոցներում:
Պատկերը նույնն է նաև Արմավիր քաղաքում: Այստեղ ուսանողների մի խումբ կոչերով ու «միացում» վանկարկելով՝ մոտեցավ թիվ 4 դպրոցին, որի դարպասները փակ էին:
Ուսանողները պահանջեցին տնօրենից բացել դռներն ու աշակերտներին թողնել միանալ իրենց:
Տնօրենը կտրականապես մերժեց առաջարկը:
«Ինչո՞ւ եք փակի տակ պահում դպրոցականներին»,- հարցրեց ակտիվիստներից մեկը, ինչին արձագանքելով՝ տնօրենը նշեց, որ ոչ մեկի փակի տակ չեն պահում: Այս պահին բաց են թե՛ դասարանների, թե՛ դպրոցի դռները, պարզապես իրենք չեն ուզում ուսման բնականոն ընթացքը խաթարել:
«Նրանք երեխաներ են, հնարավոր է՝ հիմա դասից փախչելու համար միանան ձեզ, բայց ես՝ որպես մանկավարժ, թույլ չեմ տա խանգարել դասընթացը և խորհուրդ եմ տալիս ձեզ հեռանալ դպրոցից»,- ասաց մանկավարժներից մեկը:
Նշենք, որ այսօր Կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին «զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»: