ԱԱԾ գեներալ-լեյտենանտը չի կարծում՝ ես ազգային անվտանգությանը սպառնալիք եմ, Շարմազանո՞վն է կարծում. Փաշինյան
Իշխանությունը պարզապես օգտվում է հեղափոխության սիրո և հանդուրժողական մթնոլորտից և ուզում է 4 օր ավել մնալ իր աթոռներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի չընտրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը գտե՞լ է այն հարցի պատասխանը, թե ինչու իշխանությունը չի ցանկանում զիջել դիրքերը:
Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որՀՀԿ-ականների պահվածքը սադրիչ է. Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Անընդհատ խոսում էին սրացումներից, բախումներից, ի՞նչ բախման մասին է խոսքը, ժողովրդի 95 տոկոսը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա էլ լուրեր են տարածվում, որ ինչ-ինչ մարդիկ սադրիչ խմբեր են ուղարկել և բախումներ են լինելու:
«Ոչ մի սադրիչ չի կարող բախում հրահրել: Ամբողջ իրավիճակը 100 տոկոսով գտնվում է մեր վերահսկողության տակ: Եվ ինչքան շուտ սա բոլորս արձանագրենք, այդքան լավ: Կլինեն սադրիչներ, ես էլի ասում եմ՝ մենք նույնիսկ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»,- ընդգծեց շարժման առաջնորդը:
Նա հերթական անգամ կոչ արեց իր կողմնակիցներին, որ եթե կլինեն քաղաքացիական անձանց որոշակի խմբեր, ապա պետք է վնասազերծել նրանց առանց բռնություն գործադրելու. «Պետք է առանց բռնության վնասազերծել նրանց՝ ոտքերը, ձեռքերը բռնում ենք, ծալում ենք, պառկացնում ենք հանգիստ գետնին ու մի քանի հոգով նստում ենք վրան. սա է մեր գործողությունը, ոչ մի բռնության բռնությամբ չենք պատասխանելու»:
Դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է Ֆելիքս Ցոլակյանի օրինակով 56 հանրապետականներից էլի «պոկվողներ» լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ի միջի այլոց, շատ ճիշտ բան են գրել: Էն որ ասում են Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածության օգտին, դրանով իսկ տալիս է այն հարցերի ու մտավախությունների պատասխանը, թե իմ՝ վարչապետ ընտրվելը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: ԱԾԾ գեներալ- լեյտենանտն էդպես չի մտածում, բա ո՞վ է էդպես մտածում՝ Էդուարդ Շարմազանո՞վը: Ես բարձր եմ գնահատում Ֆելիքս Ցոլակյանի քայլը և երեկ էլ ասացի, որ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի սրտերում»,- ասաց Փաշինյանը: