Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի...
10-օրյա ընդվզումից հետո, անսպասելի հրաժարական տվեց նորընտիր վարչապետ կամ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Իհարկե, շատ-շատերի համար անսպասելի, սակայն նրա հրաժարականը հարցեր է առաջ քաշում՝ ով կամ ինչը ստիպեց նրան հրաժարական տալ՝ այն դեպքում, երբ Սարգսյանը հայտնի է իր ամուր բնավորությամբ:
Նա չէր հանդուրժում կարծիքներ, չէր լսում, վարվում էր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում, իսկ նրա ցանկությունները մատուցվում էին որպես երկխոսության արդյունք:
Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպումից հետո, երբ նա հրաժարվեց շարունակել բանակցությունները և կտրուկ հեռացավ, ժամեր անց նրա հրաժարականը հարցեր է առաջացնում:
Նախ Սարգսյանը մի քանի ժամում չէր կարող փոխվել, նա չէր կարող ընդունել, որ Փաշինյանը ճիշտ է, իսկ ինքը սխալ, նաև չէր ընդունում, որ բողոքող հանրությունը ողջ Հայաստանն է: Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վրա ազդել են որոշակի ուժեր, և դա հաստատ հանրությունը չէ, քանի որ նա մեկ անգամ տրորել էր նույն հանրությանը, հաջորդ անգամ գնել էր, մյուս անգամ խաբել էր և այդպես շարունակ:
Եվ միակ ուժը, որը կարող էր ազդել Սարգսյանի վրա, Պուտինն է, կամ էլ այնպիսի անձինք, ում Նիկոլ Փաշինյանի ներկայությունը քաղաքականության մեջ ավելի նախընտրելի է, քան Սարգսյանինը: Չի բացառվում նաև Սերժ Սարգսյանի խաղը բացահայտվի առժամանակ անց: Իսկ Ռուսաստանին, այնուամենայնիվ, պետք է այնպիսի Հայաստան, որտեղ նա կկարողանա հանգիստ իր ռազմական պլանները շարունակել:
Ինչպես ռուս փորձագետներն են ասում, Հայաստանն Անդրկովկասում ՌԴ-ի միակ հավատարիմ գործընկերն է, իսկ նման գործընկերոջ կայունությունն առավել է ցանկացած Սարգսյանից, հատկապես որ Սիրիայում պատերազմ է:
Իսկ այն, որ Սարգսյանը բարձր գիտակցություն կամ քաղաքացիական պարտք կամ էլ մեկ այլ ձևակերպում դրսևորեց, այնքան էլ այդպես չէ. ստիպեցին հեռանալ, գոնե գեղեցիկ լինի, օրինակ՝ անունը դնեն հանուն ժողովրդի հեռացավ, գոնե հեռանալուց մի գեղեցիկ ժեստ թողնի պատմությունը գրողներին:
Ի՞նչ է բացասական Սերժ Սարգսյանի հապճեպ հրաժարականով, այն, որ որևէ երկիր կարող է հրամայել ՀՀ ղեկավարին թողնել պաշտոնը: Իհարկե, դեր խաղաց համընդհանուր ընդվզումը, սակայն Սերժ Սարգսյանն այն անձն էր, որ գնալու էր առճակատման, և սա անկասկած է:
Սերժ Սարգսյանի հրաժարականի իրական պատճառներն ու շարժառիթները կպարզվի շատ ավելի ուշ, գուցե չպարզվի՝ այդպես էլ մնա հանելուկ պատմության համար: Այն, ինչ այժմ տեսանելի է՝ փրփուրն է, իսկ իրականությունը խորքում է՝ էյֆորիայի ֆոնին՝ անշոշափելի: