Վահրամ Բաղդասարյան․ ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն
«Կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ»,- այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ ՀՀԿ-ի քայլերի վերաբերյալ հարցին պատասխանեց, որ այն կապված է Նիկոլ Փաշինյանի ներկայացվելիք կառավարության ծրագրի հետ։
Վ․ Բաղդասարյանը պատասխանեց նաև մայիսի 1-ից հետո ՀՀԿ-ի դիրքորոշման փոփոխության հարցին և արդյոք այդ փոփոխությունը կապվա՞ծ էր պատգամավորների տների մոտ ցուցարարների քայլերթից՝ ասելով, որ միշտ էլ հորդորել են, նաև ցույցը կազմակերպողները և ընդդիմադիր գործիչները, որ պետք է գնալ սահմանադրական ճանապարհով:
«Պատգամավորին վտանգ սպառնալը սահմանադրական ճանապա՞րհ է, իհարկե՝ ոչ: Իսկ այն մտահոգությունները, որ հայտնել ենք ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, դրանք մնում են: Դրանք վերաբերում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու երկրի անվտանգությանը»,- ասաց նա։
Արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է լինել ընդդիմություն, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պատրաստ են և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի ընդդիմություն և երբ իշխանություն․ «Մենք որևէ անգամ չենք խանգարելու մեր երկրի, մեր պետության հեռանկարային շահերին, երկրի անվտանգության խնդիրներին և պատրաստ ենք տեսնել և գնահատել դրականը, իսկ բացասականի դեպքում՝ քննադատել և հրավիրել բանակցային սեղանի շուրջ»: