Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան
Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է հանդիպում կազմակերպվի Նիկոլ Փաշինյանի և օլիգարխների միջև, որպեսզի նրանց բացատրվի, որ նոր խաղի կանոններ են գործելու, Փաշինյանը պատասխանեց․
«Ես իմ ելույթում կանդրադառնամ, իհարկե, խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորին․ դա օրինականությունն է։ Ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ստեղծելու»։