Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դատարանը որոշեց նրա խափանման միջոցը փոխել՝ այդպիսով բավարարելով պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: