ԱՄՆ-ն ոգեշնչված է Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ
«Միացյալ Նահանգները երբեք չեն մոռանա այն զոհողությունները, որոնք այդ տարիներին ունեցել են Խորհրդային Միության անդամ երկրները, այդ թվում նաև՝ Հայաստանը: Թույլ տվեք շնորհավորել բոլոր հայերին հաղթանակի կապակցությամբ: Այսօր մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում ու ժողովրդավարությանն ուղղված գործում»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նշեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, Հայաստանում այդ երկրի դեսպանությունը բոլորի պես ոգեշնչված են բողոքի խաղաղ ակցիաներով ու խաղաղ հանգուցալուծմամբ:
«Ժամանակն է աշխատել՝ ստեղծելու այն նոր Հայաստանը, որն ունենալու պահանջով փողոց էին դուրս եկել մեծ թվով մարդիկ: Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով Միացյալ Նահանգները կարող են օգտակար լինել կառուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման ու ավելի ազատ տնտեսության ձևավորման գործում»,- ասաց Ռ․ Միլզը։