Ցանկացած կառավարության դեպքում Շավարշ Քոչարյանի գործն աշխատելն է
«Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում․ դրսից եկած արձագանքները դրական են»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ շատ դրական լիցք կա այն առումով, որ միասնությունը, ժողովրդի կազմակերպված հանդես գալը լավ նախադրյալներ են ստեղծում բոլոր ոլորտներում առաջընթացի համար․ Դա վերաբերում է նաև արտաքին հարաբերություններին։
Պարզվում է, որ Շավարշ Քոչարյանը կաշխատի նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, քանի որ ինքը ծառայող է. «Ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է»,- նշեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Փաշինյանի հայտարարություններից հետո արտաքին քաղաքականության հավասարակշռված դիրքորոշումը, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, ընդհանուր առմամբ պահպանվում է և պետք է թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ բազմակողմ ձևաչափերում լինի հավասարություն և շահերի առաջ մղում: