Հարցերն այլևս չպետք է լուծվեն ճանապարհ փակելով. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էում գրել է.
«Այսօր առավոտյան աշխատանքից ուշացա ճանապարհը փակած ցուցարարների պատճառով: Մարդկանց մի խումբը ղեկավարությունից պահանջում է վերադարձնել համայնքին պատկանող շենքը, մյուս մասն ուղղակի ուզում է տիրանալ ղեկավարի աթոռին:
Երևանում և Հայաստանի բազմաթիվ համայնքներում դոմինոյի էֆեկտով սկսված այս բողոքի ակցիաները մեկը մյուսին նման են բոլոր մանրամասներով՝ Հայաստանի դրոշ, ավտոերթ, ձայնային ազդանշան, ճանապարհ փակել...
Հայաստանում մեկ անգամ արդեն փորձարկված և հաջողություն ունեցած տեխնոլոգիան կիրառվում է այլ պայմաններում՝ առանց հասկանալու, որ այն, ինչ մի դեպքում աշխատեց, կարող է մեկ այլ դեպքում լինել լրիվ անպիտան, մանավանդ որ տեսնում ես՝ ինչպես են կասկածելի անցյալով ու անհասկանալի ներկայով մարդիկ իրենց «Նիկոլ» պատկերացնում, ելույթներ ունենում, վիճում ոստիկանների հետ: Անձամբ ինձ համար ծիծաղելի է, քանի որ հիմա՝ նոր կառավարության պայմաններում, երբ համատարած վստահություն կա իշխանության նկատմամբ, հարցերը այլևս չպետք է լուծվեն ճանապարհ փակելով: Եթե վստահում եք, ապա գրեք նամակ այդ կառավարությանը, պահանջեք աշխատել և վստահելով սպասեք արդյունքներին, հակառակ դեպքում ինչո՞ւ եք երկրի ղեկավար դարձնում մի ուժի, որին կրկին պետք է որոշում պարտադրեք ճանապարհ փակելով»: