Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն. Ստեփան Մնացականյանը կրկին ԱՎԾ պետ է նշանակվել. կատակերգություն երկու գործողությամբ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ստեփան Մնացականյանին վեց տարի ժամկետով նշանակել Ազգային վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ: Նշանակվեցին նաև Վիճակագրության պետական խորհրդի անդամները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միասին աշխատել, որ ավելանա Հայաստանի պաշտոնական վիճակագրության մակարդակը, և նրան հուշել են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից:
Հետաքրքիր է Ստեփան Մնացականյանի նշանակումն այնքանով, որ տարիներ շարունակ ԱՎԾ կառույցը ղեկավարելով՝ նրան մշտապես մեղադրել են նկարչության մեջ` աճեր է ցույց տվել, նվազումներ՝ ըստ ցուցումների, և այսօր նրա վերանշանակումն առնվազն տարակուսելի է:
Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանին Ստեփան Մնացականյանի որակները պետք չեն գա, հակառակ դեպքում՝ նա կարող էր ևս մեկ 25 տարեկանի նշանակել ԱՎԾ պետ, ով էլ շուրջ 10 տարուց կսկսեր հասկանալ ոլորտը և անթերի գծագրություն անել:
Հաստատ լավագույն գծագրող-նկարիչ, արտերկրում սովորած և միտինգներին մասնակցած չեն գտել և մնացել է կրկին անդրադառանալ հին էշելոնին` վերանշանակել կարկառուն նկարչաբանին:
Ի դեպ, Փաշինյանը նշել է, որ հանրությունը երբեմն կասկածի տակ է դնում վիճակագրության տվյալները` մոռանալով, որ տարիներ շարունակ հատկապես ընդդիմադիր թերթերն էին մատնանշում Ստեփան Մնացականյանի աճպարարությունների մասին:
Իհարկե, Ստեփան Մնացականյանը խոստացել է արդարացնել սպասելիքները, ինչպես նախկինում էր «արդարացնում»:
ԱՎԾ պետի վերանշանակումը ենթադրում է, որ նրա ծառայություններն էլի պետք կգան. միշտ էլ պետք են մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ունեն տարիների փորձ և ընկելուց միշտ կանգնում են չորս թաթի վրա:
Եվ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին ևս կրկին նշանակեն, ապա կատակերգության երկու գործողությամբ էպիլոգը կփակվի սպասվածից շուտ: