Ում պատահի ու ինչպես պատահի «քարշ տալ», նախարա՞ր դարձնել
Երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել Սփյուռքի նախարար, արդեն նրան ճանաչողները Ֆեյսբուքում բացահայտումներ արեցին ներկայիս կառավարության ամենաերիտասարդ նախարարի կյանքից:
Պարզվում է՝ նա «Ախթամար» զբոսաշրջային ընկերությունում աշխատել է որպես գիդ և բավականին վատ: Ըստ լուրերի՝ նա անգամ չի կարողացել 15 հոգուց բաղկացած խումբ ղեկավարել, ընկերությունում զբաղված է եղել խարդավանքներով և ի վերջո «հասել է» այն բանին, որ Մխիթարին պարզապես հեռացրել են ընկերությունից:
Մխիթար Հայրապետյանին մոտիկից ճանաչողները պնդում են, որ բացի խոսելուց, ծաղրելուց, նա իրականում շատ քիչ գործ է արել, որ արժանանա անգամ այնպիսի մի նախարարության ղեկավարի պաշտոնին, ինչպիսին Սփյուռքի նախարարությունն է:
Ի դեպ, առաջին արած գործերից մեկը որ եղել է նախարարությունում` նախկին նախարարի ծրագրերն է փորձել յուրացնել` չառաջարկելով ոչինչ:
Այսօր արդեն Սփյուռքի նախարարությունում, որը Հրանուշ Հակոբյանի օրոք անցել էր հրի ու սրի միջով, ով բոլորին է հայտնի իր ծանր բնավորությամբ, այսօր արդեն երազում են Հրանուշի մասին:
Ի դեպ, նորաթուխ, երիտասարդ նախարարը ծնվել է 1990 թվականին, 2007-ին ավարտել է Երևանի թիվ 127 դպրոցը և ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, 2013-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012-13թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական հոդվածների հեղինակ է:
Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի:
Սա պաշտոնական կենսագրությունն է, իսկ թե որտեղ են այդ գիտական հոդվածները և կրթական ծրագրերը, որևէ տեղ չի նշվում, սակայն ակնհայտ է, որ նա բանակում չի ծառայել, դասալիք է, կամ ավելի ստույգ՝ բանակից հերթական «թռածը»: Չկա նաև «Ախթամար» տուրիստական ընկերությունում աշխատելու վերաբերյալ տեղեկություն. «պալոժ չի»:
Ի դեպ, նորաթուխ կառավարության մյուս անդամներին ի հակադրություն` չի ավարտել եվրոպական ոչ մի քիչ թե շատ հայտնի համալսարան:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի լուրերի՝ նախարարությունում արդեն հիասթափվել են նրանից և անվանակոչել` «վայ-նախարար» տիտղոսով:
Նա նախարարի աշխատասենյակում է հավաքում իր ուսանողական ընկերներին ու ժամանակ անցկացնում, իսկ նախարարության աշխատանքը մատնված է պարապուրդի:
Կեղծ պրոֆիլներն այս անգամ ևս առաջարկում են` սպասեք, մինչև որոշի աշխատել, բայց նախարար աշխատելու համար էլ որոշակի հմտություններ, կարողություններ և փորձառություն է անհրաժեշտ, ոչ թե ում պատահի, որտեղից պատահի քարշ տան, նախարար դարձնեն: