«Առնվազն տարակուսելի է...». Լեզվի տեսչության պատասխանը՝ ԿԳ նախարարին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Լեզվի պետական տեսչության աշխատանքին, նշելով, որ այս կառույցը տարեկան 67 միլիոն դրամ է ստացել և տվել զրո արդյունք: Լեզվի պետական տեսչությունից արձագանքել են նախարարի այս հայտարարությանն՝ այն որակելով որպես անտեղյակության նշան:
«Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում` հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ:
Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների` ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագրի» նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների` մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ: Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների` կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների, վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որոշումներով:
Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին: Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը` գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ»,-ասված է Լեզվի պետական տեսչության պատասխանում: