Իշխանությանը ոչինչ չի խանգարում վերարտադրվել նաև գործող Սահմանադրության պայմաններում
«Մեր հիմնավորումները փաստարկված են, բխում են այսօրվա իրականությունից, գործող համակարգի արատներից ու բացերից, որոնց մասին դժվար եմ պատկերացնում, որ այլ քաղաքական ուժ կխոսի մեզ նման բաց»: Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ միասնական շտաբի ղեկավար, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն պաշտպանում է Սահմանադրական փոփոխությունները, քանի որ նոր սահմանադրությունը հսկայածավալ փաստաթուղթ է, որի բնույթը, էությունը համապատասխանում են իրենց պատկերացումներին:
Աղվան Վարդանյանը չի հասկանում, թե ինչու է ընդդիմությունն դեմ նոր սահմանադրությանը: Նրա խոսքով` նոր սահմանադրության հաստատման դեպքում վերանալու է մեծամասնական ընտրական համակարգը, ինչը ընդդիմության տասնամյակների կռիվն է եղել, ինչպես նաև բարձրացվելու է ընդդիմության դերակատարությունը պետական համակարգում:
«Այսօրվա համակարգը, որը որևէ քաղաքական ուժի մեծամասնություն ունենալու հնարավորություն է տալիս, երկրում ստեղծում է անառողջ, միմյանց հանդեպ չարությամբ լցվելու մթնոլորտ: Նոր սահմանադրությունը ընդդիմությանը տալիս է գործուն այնպիսի լծակներ, ինչի մասին կերազեինք. չեմ հասկանում մեր ընդդիմադիր գործիչները ինչի՞ց են դժգոհում, չնայած, իհարկե, գիտեմ»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ նույն ընդդիմադիրները 2005թ-ին «ոչ» էին ասում գործող Սահմանադրությանը, իսկ ներկայումս ստիպված «այո» են ասում:
Անդրադառնալով իշխանության ընդդիմադիր գործիչների կողմից բերվող փաստարկներին՝ թե իշխանությունը վերարտադրության խնդիր է լուծում, Աղվան Վարդանյանն նկատեց, որ իրականում իշխանությանը ոչինչ չի խանգարում վերարտադրվել նաև գործող Սահմանադրության պայմաններում: