Կոսովոյի ընդդիմադիր ակտիվիստները դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել
Կոսովոյի ընդդիմադիր ակտիվիստները դարձյալ արցունքաբեր գազ և պղպեղային սփրեյ են կիրառել՝ խորհրդարանի նիստն ընդհատելու համար, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Վերջին երկուսուկես ամիսներին կոսովո-ալբանական ընդդիմությունն արդեն երրորդ անգամ արցունքաբեր գազ է կիրառում՝ տեղի խորհրդարանի նիստը տապալելու համար:
«Ինքնորոշում» շարժումն ու նրա համախոհները բողոքում են Կոսովոյում էթնիկ սերբերին ավելի լայն իրավունքներ տրամադրելու դեմ։
Այսօր խորհրդարանը պետք է քննարկեր 2016 թվականի բյուջեի նախագիծը: Նիստի սկզբում «Ինքնորոշում» շարժման ներկայացուցիչները շրջափակել են ամբիոնը: Երբ իշխող կուսակցության՝ Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը փորձել է սկսել նիստը, «Ինքնորոշում» շարժման առաջնորդը պղպեղային սփրեյ և արցունքաբեր գազ է փչել խորհրդարանի անվտանգության աշխատակիցների ու ներկա նախարարների ուղղությամբ:
Կոսովոյի խորհրդարանի ղեկավարը հարկադրված է եղել ընդհատել խորհրդարանի նիստը։