ԱԱԾ-ի ներսում ձերբակալություններ չեն եղել. նոր տնօրենը խուսափեց մեկնաբանել նախկինների աշխատանքը և չպատասխանեց որոշ հարցերի (տեսանյութ)
«Մենք պետք է հստակ ապացույցներ ունենանք, ու եթե դրանք լինեն, ապա պատիժ կլինի»:
Այսօր' մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալություններին՝ կապված կոռուպցիայի բացահայտումների հետ:
Նրա խոսքով' արդեն կան բավականաչափ բերման ենթարկվածներ և առաջիկա օրերում նրանց թիվը կավելանա:
«Բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով գործող պաշտոնյաները և բոլորը կպատժվեն: Պատիժները կլինեն անզիջում»,-ասաց Վանեցյանը։
Նա չարձագանքեց հարցին, թե մինչև որ պաշտոնյանի մակարդակով կիրականացվեն ձերբակալությունները: Ինչպես նաև չպատասխանեց լրագրողի հնչեցրած հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ բոլոր կոռուպցիոն երևույթները դրսևորվել են իշխանության բարձր հովանու ներքո:
Հարկ ենք համարում նկատել նաև, որ թեև Արթուր Վանեսյանը նշեց, որ այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել, սակայն չպատրաստվեց գնահատականներ հնչեցնել նախկին ԱԱԾ ղեկավարության աշխատանքի վերաբերյալ: Միայն հավելեց, որ ԱԱԾ-ում բերման ենթարկվածներ չկան: