Երևանն առանց կռվի պիտի հանձնվեր թուրքերին, իսկ բնակչությունը տարհանվեր․ Արամ Մանուկյանը կանխեց այդ խայտառակ որոշումը
1915 թվականի ցեղասպանությամբ Թուրքիան ցանկանում էր ամբողջովին բնաջնջել հայ ժողովրդին ու իր տիրապետության տակ վերցնել ամբողջ Հայաստանը, սակայն դա չստացվեց։ 1918 թվականին թուրքերի համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ կիսատ մնացած ծրագրերը (այս անգամ արդեն Արևելյան Հայաստանն ամբողջովին բնաջնջելու ու տիրապետության տակ վերցնելու) իրագործելու համար։
Թուրքական բանակները սկսեցին գրավել Արևմտյան Հայաստանից տարածքներ ու սկսեցին շարժվել նաև Արևելյան Հայաստանի ուղղությամբ։ Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, և այդ ժամանակ խուճապ սկսվեց նաև Երևանում։
Խուճապը, վախն ու սարսափն այնքան մեծ էին, որ մայիսի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանը որոշում է քաղաքն առանց դիմադրության հանձնել թուրքերին, իսկ քաղաքի բնակչությունը պիտի տարհանվի ու դիրքավորվի Քանաքեռի բարձունքում։
Սակայն Երևանի քաղաքագլխի որոշումը չեղարկեց Արամ Մանուկյանը, ով չեղարկելուց զատ նաև հրահանգեց Երևանի մատույցները պաշտպանական ամրություններով ապահովելու աշխատանքներ իրականացնել։ Արդեն մեկ օր անց՝ մայիսի 19-ին, Արամ Մանուկյանը հայկական 1-ին դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի առջև խնդիր դրեց կանգնեցնել հայկական զորքերի նահանջը և ամեն գնով կանխել դեպի Երևան թուրքական զորքերի հարձակումը։
Հրամանից զատ, Արամ Մանուկյանը խոստացավ գեներալին, որ շատ կարճ ժամանակում կկազմակերպի հավաքագրել մարդուժ, զենք-զինամթերք։ Մի քանի օրվա ընթացքում Երևանի փողոցներում սկսվեցին կազմակերպչական աշխատանքներն ու հավաքագրված ուժերը մեկնեցին կռվի ճակատներն ու հենց սկզբից մասնակցեցին հայ ժողովրդի համար ամենավճռորոշ ճակատամարտերին։
Արամ Մանուկյանի կատարած հերոսական ու ազգանվեր գործերը շատ են, ու փաստացի եթե չլիներ նա, ապա Երևանն առանց կռվի կհանձնվեր թուրքական զորքերին, քանի որ Երևանի քաղաքագլուխն արդեն իսկ որոշում էր կայացրել դա իրականացնելու համար։ Իսկ Երևանի հանձնումով կկործանվեր Հայաստանը։ Թուրքիան էլ կհասներ իր մեծ երազանքին, ու, ով գիտի, միգուցե մի ցեղասպանություն էլ իրականացվեր Երևանում։ Ու ցավալին այն է, որ 2 տարի անց, առանց կռվի ու դիմադրության Կարսը հանձնվեց թուրքերին։ Դա մեր պատմության ամենախայտառակ ու ցավալի էջերից մեկն էր։