Գրանցված հաստիքների համար աշխատավարձը ստանում է ինստիտուտի տնօրենը․ կառավարությունն այստեղ անելիք ունի
Պետական վերահսկողական ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նոր Հայաստանում չեն լինելու արատավոր երևույթներ՝ կոռուպցիա, հովանավորչություն, ամենաթողություն և կլինեն նոր բացահայտումներ՝ թե՛ Երևանի պետական համալսարանում, և թե մյուս բուհերում:
Սանասարյանի այս դիտարկումն ամբողջապես տեղավորվում է մեր կրթական համակարգում, որի բաղադրիչ մասերն են հովանավորչությունը, կոռուպցիան և նմանատիպ մի շարք արատավոր երեւույթներ։
Որպես ասվածի ապացույց՝ կարելի է դիտարկել, օրինակ, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, որտեղ, կարելի է ասել, ամենաթողություն է։
NEWSPRESS.am-ին հասած լուրերի համաձայն՝ 1995 թվականից՝ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանն այստեղ աշխատանքի է տեղավորել իր որոշ ծանոթ-բարեկամներին՝ անկախ նրանց մասնագիտական որակներից, և սա այն դեպքում, երբ գիտությամբ զբաղվող բազմաթիվ երիտասարդներ չեն կարողանում ինստիտուտում աշխատանքի անցնել։
Սա դեռ ամենը չէ. Պողոսյանը գործի է գցել նաև մեր երկրում շատ լավ աշխատող մախինացիաների սխեման և որոշ հաստիքներում աշխատանքի է ընդունել որոշ մարդկանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն գնում, իսկ նրանց համար պետությունից հատկացվող աշխատավարձը ստանում է հենց Պողոսյանը։
Հաշվի առնելով այս, ինչպես նաև որոշ այլ խնդիրներ՝ հարկ ենք համարում Կառավարության ուշադրությունը սևեռել այս կառույցի վրա. հարկ է անցկացնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսների անարդյունավետ ծախսման ուսումնասիրություն, ինչպես նաև պարզել, թե որոշ աշխատակիցներ ի՞նչ քաղաքականությամբ եմ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ աշխատանքի ընդունվում։