Հայաստանում ծխելու ցուցանիշները մտահոգիչ են. նախարար
«Հայաստանի համար այս օրը կարևոր խորհուրդ ունի, իսկ պատճառը ծխողների մտահոգիչ վիճակագրությունն է: Հայաստանն ունի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները, մեղմ ասած, բավարար չեն: 2010-2015 թվականների ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված էր ամեն տարի երկրում ծխողների թիվը կրճատել 1,5-2%-ով, սակայն 2017 թվականին ընդունված ռազմավարության մեջ ներառված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, իսկ ծխողների շարքում ավելացել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Այս մասին այսօր՝ Առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխախոտի համաշխարհային օր։ Ամեն տարի ԱՀԿ-ն միջազգային օրվա առիթով ընտրում է թեմա. այս տարվա թեման է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», իսկ օրվա կարգախոսն է՝ «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը»։
«Մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: Հատկապես հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:
Անձամբ շահագրգռված եմ, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ընդունվի, ու այն հաստատապես ընդունվի: Սակայն տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխությունները պետք է ավելի սահուն կատարել: Օրենքի նախագծում որոշ հոդվածներ կվերանայվեն, և միայն դրանից հետո այն կուղարկվի խորհրդարան»,-ասաց առողջապահության նախարարը:
Բացի այդ, անելիքներ կան հատկապես ծխախոտի գովազդի, գնային քաղաքականության, ինչպես նաև հանրային իրազեկման առումով:
Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում այսօր ծխում է 15 տարեկանից բարձր բնակչության 26-27%-ը (տղամարդիկ՝ 53,4 %-ը, կանայք՝ 2,3%): Ընդ որում, կանանց մի մասը գաղտնի է ծխում, բացի այդ, յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է:
«Վիճակը մտահոգիչ է»,- շեշտեց նախարարը: