Միջնորդությունը բավարարվեց. Խաչատուր Գիչյանն ազատ է
Այսօր Խաչատուր Գիչյանը ստորագրությամբ ազատ արձակվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն նստավայրում շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Մարինե Ֆարմանյանի՝ իր պաշտպանյալ, «Սասնա ծռեր»-ի անդամ Խաչատուր Գիչյանին ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլիսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն:
Փաստաբանները դատարանին ներկայացրել էին Գիչյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, ըստ որի, Գիչյանը մի շարք հիվանդություններ ունի և չի կարող երկար ժամանակ կալանավորված մնալ: