Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի´ երեխաներ,
Հարգելի´ ծնողներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։
Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում, ինչպես նաև աջակցել, որպեսզի նրանց համար ստեղծվեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը․ պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան»։