Տիգրան Սարգսյանի նշանակած փոխնախարարն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Քարամյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել էՀայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Քարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Այս առնչությամբ Քարամյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել առ այն, որ ինքը թողնելու է պաշտոնը, որին նշանակվել է դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, 2009 թվականին:
«Հարգելի գործընկերներ, բարեկամներ,
Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել: Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։ Միևնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ: Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:
Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին: Շնորհակալ եմ»,- ասված էր գրառման մեջ: