Դեռևս ՀՀԿ-ն է ղեկավարում նվագախումբը
Տարիներ շարունակ Հայաստանում մեծ ու փոքր, աննշան կամ կարևոր պաշտոններում նշանակվել են հիմնականում ազգակցական ու ընկերական կապեր ունեցող անձինք. էական չի եղել, որ չեն համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին: Մշակույթի ոլորտում աշխատել են պոլիտեխնիկական կրթությամբ մարդիկ, կրթական ոլորտում` նույնպես, հաճախ հումանիտար ոլորտի պատասխանատուներ են եղել ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական գիտությունների գծով մասնագետներ:
Պարզվում է՝ մեծ մասի համար «վերևներից» են բարեխոսել՝ նախագահականից կամ կառավարությունից, և այդ է պատճառը, որ ոլորտային զարգացումները դանդաղ են ընթանում. համապատասխան մասնագետների պակաս կա:
Անգամ քաղծառայողի վկայականի դեպքում Հայաստանում տարիներ շարունակ պաշտոնն արժեր 3000 դոլար, իսկ բուհ ընդունվելը՝ 2-3 հազար դոլար, գնահատականներն ունեին իրենց գները, ատեստատները` իրենց, գրանտները` նույնպես, ատկատների համակարգը ճկուն գործում էր ոչ միայն գերատեսչություններում, այլ նաև հեռուստաընկերություններում, որոնց պետբյուջեից կլորիկ գումարներ էին տրամադրվում:
Ցանկացած ոլորտում հեռախոսով հարցեր էին լուծվում: Հեռախոսազանգով բուհ կարող էին ընդունվել, նույն հեռախոսազանգով՝ միջազգային կառույցներում կամ գերատեսչություններում՝ աշխատանքի, մարզպետարաններում վարչության պետերը կապված էին համայնքների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ` համատեղ էին փողերը լվանում:
Կաշառքը, ոտփորոցին, քծնանքը, մաղարիչը, տարբեր օղակներում աշխատակիցներին հասանելիք գումարների յուրացումը սովորական դարձած երեւույթներ էին, իսկ այսօր բոլորը փորձում են անմեղ և մաքուր ներկայանալ:
Նոր իրողությունների պարագայում թունելի վերջում դեռեւս լույս չի երևում. Արդեն իսկ, շրջանցելով քաղծառայողից պահանջվող որակավորումները, նշանակումներ են եղել, խոսվում է, որ մարդիկ կան, ովքեր կարող են 100 000 դոլարի դիմաց տեղավորել աշխատանքի, արդեն կառավարական վերնախավը 4-6 մեքենաների ուղեկցությամբ է տեղաշարժվում, ծանոթ-բարեկամներ են կառավարական օղակներում: Կարծես այս առումով ոչինչ չի փոխվել:
Եթե կադրերի ընտրության առումով ԵԼՔ-ը հետևում է ՀՀԿ-ին, ապա ՀՀԿ-ի ժամանակ կայուն աճ գրանցած մյուս արատները ևս չեն ուշանա վերարտադրվել. արդեն իսկ պարարտ հող կա: