Մենք 100 տոկոսով վստահում ենք Բակո Սահակյանին ու պաշտում Նիկոլ Փաշինյանին, սակայն․․․ իրականում ի՞նչ է կատարվում Արցախում (ֆոտո)
Վերջին մի քանի օրերին հայաստանյան ու համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Արցախն է։ Արցախցիները ոտքի են կանգնել ու ցանկանում են մի շարք պետական կառույցների ղեկավարների հրաժարականը։ Այս ամենի հետ մեկտեղ հայաստանյան մի շարք լրատվական կայքեր սկսեցին գրել տարբեր լուրեր այն մասին, թե ինչով են պայմանավորված այս ցույցերը։
Երեկ՝ հունիսի 6-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակն այդքան էլ լարված չէր։ Մարդիկ հավաքվել էին Մշակույթի ու երիտասարդության պալատի ներսում ու գրում էին իրենց դիմում-բողոքները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երիտասարդական պալատի դիմաց հավաքված ցուցարարների թվում էր նաև Սիրիայի Հալեպ քաղաքից 7 տարի առաջ Հայաստան եկած Հովիկ Ասմալյանը, ով ապրում ու աշխատում է Արցախում։
NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Ասմալյանը նշեց, թե իրականում որոնք են այն պատճառները, ինչով պայմանավորված են այս ցույցերը։
«Տեղեր կան, որ անարդար վճիռներն ազդում են հասարակության ապրելակերպի վրա։ Այդ վճիռներից զատ, մենք բողոքում ենք նաև մեր կենցաղային ու սոցիալական վատ պայմանների համար։ Շատերը մեկնաբանում են, որ մենք իշխանությանը որակավորում ենք որպես հանցավոր խավի, սակայն իշխանավորը հանցավոր չէ։ Էստեղ մի փոքր այլ է ամեն ինչ։ Հայաստանում Նիկոլի արածը հեղափոխություն էր, իսկ մեզ մոտ ցույց է ընդդեմ անարդարության, քանի որ կարծես թե ռամիկ քաղաքացին սխալ գործելիս տուժում է, պատժվում, բայց երբ սխալ է անում պետական պաշտոնյան, ապա նա չի պատժվում։ Մենք պահանջ ներկայացրինք ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի համար՝ առանց հավելյալ պայմաններ դնելու։ Մենք նախագահ Բակո Սահակյանի դեմ ոչինչ չունենք»։
Հ․ Ասմալյանը նշեց նաև, թե որոնք էին այս ցույցերի սկսման իրական պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«Այդ հայտնի կռիվը պատճառ դարձավ, որ դժգոհության ալիքը բարձրանա։ Դժգոհություն կար ոչ միայն հասարակության մեջ, այլև վերին մակարդակում նույնպես, քանի որ իրենք էլ էին գիտակցում, որ պիտի փոփոխություններ տեղի ունենան։ Մենք 100 տոկոսով վստահում ենք Հանրապետության նախագահին, սակայն սխալներ նկատելիս պետք է բարձրաձայնենք։ Մենք ցանկանում ենք ամենաթավշյա ձևով հասնել մեր ուզած արդյունքին։ Մենք հանրահավաքները սկսեցինք դադարեցնել այն ժամանակ, երբ կոչով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք Նիկոլին սիրում ու պաշտում ենք ու Հայաստանի ղեկավարին ընդունում ենք որպես մեր ավագ եղբայր։ Սակայն չենք կարող լուռ նստել, երբ անարդարություն է կատարվում»։
Հավելենք նաև, որ համեմատած մյուս օրերի՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դրությունը խաղաղ էր։ Հիմնական ակտիվությունը Երիտասարդության ու մշակույթի պալատում էր, որտեղ արցախցիները շարունակումմ էին գրել իրենց դիմումները։