Երբ փորձարկումներ ես անում, արդյունքը մղվում է երկրորդ պլան. Վարդան Մինասյանը՝ ընկերական խաղերում անհաջողությունների մասին
Մենք պետք է ներկայացնեինք մեր թիմի փիլիսոփայությունը, թե ինչպես ենք աշխատելու, մեր ուժեղ և թույլ կողմերը հաշվի առնելով՝ ինչպես ենք խաղալու: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:
«Երկրորդ խնդիրը, որ դրվել էր հավաքականի առաջ, այն էր, որ պլանավորվել էր երկու սխեմա փորձարկել և փորձակել այդ սխեմայի մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը»,- նշեց Մինասյանը:
Ըստ ազգային հավաքականի մարզչի՝ մեկ այլ խնդիր էլ հավաքականի նորեկների հետ աշխատանքն է. «Կային ֆուտբոլիստներ, ովքեր վերջին տարիներին խաղում էին հավաքականում, բայց ես նրանց հետ չէի աշխատել: Այդ առումով հավաքականի 70 տոկոսը նոր էր»:
Վարդան Մինասյանի հավաստմամբ՝ կա երկու կետ, որոնց վրա ինքը հիմնվելու է՝ ֆուտբոլիստների որակը և ցանկությւոնը:
Թե ինչու խաղերն ամբողջական չստացվեցին, մարզիչն իր պատճառաբանությունն ունի «Մալթայի խաղի առաջին 30 րոպեն, չեմ ասում՝ իդեալական ստացվեցին, բայց տղաներն անում էին այն, ինչ անում էին պարապմունքներին, Մոլդովայի խաղում էլ կային էպիզոդներ, երբ թիմը խաղում էր այն խաղը, որը մենք էինք ցանկանում»:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ վերջին ընկերական խաղերը դրական արդյունք չեն տալիս, հավաքականի մարզիչը պատասխանեց, որ ընկերական խաղերը հենց դրա համար են, որ փորձարկումներ արվեն:
«Երբ փորձարկումներ ես անում, այդ ժամանակ արդյունքը մղվում է երկրորդ պլան: Եթե մենք փորձարկումներ չանեինք ու խաղայինք այն խաղացողներով, որոնց գիտեինք, մենք այլ կերպ կսկսեինք խաղը և փոխարինումներ կանեինք՝ հաշվից ելնելով, բայց հիմա առանց հաշվին նայելու փախարինումներ էինք կատարում, որովհետև ուզում էինք ֆուտբոլիստներին տեսնել: Մենք չորս նորեկ ունեինք, իրենց որտե՞ղ պետք է տեսնեինք: Ուզում էինք երկու խաղի ժամանակ տալ, դրա համար են ընկերական խաղերի արդյունքներն այսպես ստացվում: Միակ դրական բանը, որ արդյունքը դրական է լինում, հոգեբանական պահն է, որ լավ է ազդում ֆուտբոլիստների վրա»:
Ինչ վերաբերում է պաշտոնական խաղերին, ապա սպասումները լինելու ենք հետևյալ սկզբունքով՝ ամեն խաղին հաղթանակ:
«Ինձ ինֆորմացիա էր պետք նրանց խաղից, ես էդ ինֆորմացիան ստացա»,- ասաց մարզիչը, սակայն լրագրողների հետ չկիսեց ստացած ինֆորմացիան: