Խայտառակությունը ճանապարհ է ընկել
Սերժ Սարգսյանի թիկնապահ Վաչոյի, եղբայր Սաշիկ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատգամավոր Մանվել Գրիգորյանի, մնացած մնացածների միլիոններն ու հարստությունը, եթե մինչև այս ուղղակի խոսակցություն էին, այժմ արդեն նաև տեսողությունն է վկա։ Իհարկե, երկրի, քաղաքացիների հաշվին միլիոններ կուտակածները, կողոպտածները հաստատ չեն շփվի ժողովրդի հետ, կարհամարհեն, մեքենաները կվարեն ինչպես ցանկանան և, ի վերջո, թքած կունենան երկրի վրա։
Մարդկանց տալ թողտվություն՝ հավասարազոր է նրան, ինչ որ կատարվում է երկրում․ ասում էին՝ պարզապես օլիգարխիա, իսկ այժմ է տեսանելի, թե ինչքան է կուտակել, գոնե մարդկանց մոտ կա պատկերացումը միլիոնների վերաբերյալ, որոնք ոչ մաքուր ճանապարհով հայտնվել են սաշիկների, մանվելների, վաչոների ու տարոնների գրպաններում։ Եվ հետո պարզվում է, որ Հայաստանն աղքատության ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում երկրորդ պատվավոր տեղում է, իսկ ինչո՞ւ ոչ։
Եթե մարդիկ ամեն օր բյուջեից «օրինական կողոպտեն» երկրի նման քանակի միջոցները, երկիրը կաղքատանա։ Հետո էլ ընկած հանրությունից 100 դրամներ, 1000 դրամներ էին հավաքագրում բանակի, կամ այլևայլ ծախսերի համար, այն դեպքում, երբ հանգանակած գումարները հանգրվանել էին ոչ թե բանակում, այլ մանվելների և նրա նմաննների գրպաններում։
Չգիտես ինչու, մտածել են, որ հավերժ են, գողերի պատիժը հնարավոր է ուշանա, սակայն ոչ ավելի, քան կյանքի ընթացքում։ Եթե աննշան ծնվել են, ապա փառահեղ խայտառակությամբ կապրեն մնացյալ կյանքը։
Մարդիկ, ովքեր կենդանիներ պահելու մասին ավելի են մտածում, քան երկրի, ովքեր միայն սեփական որովայնախոռոչն են տեսնում, ովքեր երբեք ու ոչ մի վայրկյան չեն մտահոգվում ժողովրդի բարեկեցության մասին՝ լինելով բարձր պաշտոնների, նրանց համար ապահովված է թշվառությունը, որը մի օր անպայման գալու է։
Այսօր արդեն Տարոն Մարգարյանը չի մասնակցել քաղաքապետարանի նիստին՝ հիվանդության պատճառաբանությամբ: Իհարկե կհիվանդանա, չէ՞ որ վերջին իրադարձությունների ֆոնին մտածելու բաներ շատ ունի։
Իզուր չէր, որ ժամանակին խարդախներին, գողերին, թալանչիներին ոչ թե բանտ էին տանում, այլ ողջ քաղաքով ման էին տալիս, խայտառակում ու հետո բանտարկում՝ ըստ երկրի սովորության:
Հիմա խայտառակությունը ճանապարհ է ընկել և էլ ո՞ւմ դուռն է թակելու այսօր և հետայսու։