«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է հղել վարչապետին, ԱԱԾ-ին ու ԲԴԽ-ին
«Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բողոքը, որը նա հղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ-ին և ԲԴԽ-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը
Բարձրագույն դատական խորհրդին
Պահանջատեր՝ Մանվել Տեր-Առաքելյանից
հասցե՝ ք.Երևան, Հյուսիսային պողոտա 2 շենք
ԲՈՂՈՔ
2013 թվականից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործն ըստ դիմումի «Յունիբանկ» ՓԲԸ-ի՝ «Հին էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին:
Նշված գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Սուքոյանի, 29.01.2014թ. վճռով «Հին էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին ճանաչել է սնանկ:
Սնանկության գործով կառավարիչ է հանդիսանում պարոն Գ.Բարխուդարյանը:
Շուրջ 1,6 տարի է՝ պարոն Բարխուդարյանը Դատարանին ներկայացրել է դիմում՝ «Հին էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործն ավարտելու մասին: Սակայն դատավոր Ա.Սուքոյանը նույն դատարանի նախագահ Ռ.Վարդազարյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտույանի ուղղակի միջամտությամբ արհեստականորեն ձգձգում և չի ավարտում սնանկության վարույթը: Դա այն պայմաններում, երբ գործում առկա փաստերը բավարար են սնանկության գործն ավարտելու համար:
Ես վստահ եմ, որ դատավոր Սուքոյանը ցանկանում է այդ վարույթն ավարտել, սակայն դեռևս շարունակում են նրա նկատմամբ ազդեցություն ունենալ Ռ.Վարդազարյանը և Ա.Մկրտումյանը, ովքեր նման իրավասություն չունեն և այդ արարքները ես գնահատում եմ, որպես Ռ.Վարդազարյանի և Ա.Մկրտումյանի լիազորությունների չարաշահում: Այդ արարքով նշված դատավորներն իրենց լիազորությունները ծառայեցնում են «Յունիբանկ» ՓԲ ընկերության շահերին: Վստահ եմ, որ պատճառը «Յունիբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ նրանց ունեցած կախվածությունն է, ինչ համար խնդրում եմ միջոցներ ձեռնարկել և պարզել, թե Ռ.Վարդազարյանը, Ա.Մկրտումյանը, նրանց փոխկապակցված անձինք և այդ անձանց անուններով ձևակերպված ընկերությունները հանդիսանում են «Յունիբանկ» ՓԲԸ հաճախորդներ, թե ոչ: Պատասխանը միանշանակ է լինելու, որ հանդիսանում են:
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի դատավոր Ա.Սուքոյանի նկատմամբ ազդեցություններին, թե «Յունիբանկ» ՓԲԸ-ի, թե Ռ.Վարդազարյանի, թե Ա.Մկրտումյանի կողմից:
Միևնույն ժամանակ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պատշաճ ընթացք տրվի և ավարտվի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության վարույթը:
Մանվել Տեր-Առաքելյան