Ի՞նչ կլինի, եթե Զարուհի Փոստանջյանը քաղաքապետ ընտրվի
Թավշյա հեղափոխությունից հետո հին ու նոր հայաստանների միջև մեկ տարբերություն կա ̀ տեսարժան բացահայտումների շարք է սկսվել ու վե՛րջ:
Մեր կյանքում այլ փոփոխություն չկա. չի էժանացել գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, սնունդը, բնակարանների գները, ավիատոմսերը, մի բան էլ հակառակը ̀ թանկացել է բենզինը:
Բայց մենք ունենք բուռն էնտուզիազմով բացահայտումներ, որոնք, անկեղծ ասած, հանրությանը երկու օր են սնում ու վերջ, թեման փոխվում է:
Առաջիկայում մեր երկրում քաղաքական նոր ընտրություն է տեղի ունենալու. ընտրվելու է Երևանի քաղաքապետը: Օրենսդրական պահանջով քաղաքապետն ընտրվում է ավագանու գործող կազմից, իսկ եթե թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված միակ թեկնածուն չի ստանում բավարար քանակությամբ կողմ ձայներ, անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։
Այժմ մեր ունեցած միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն է, ով հանրության լայն զանգվածների կողմից ընդունելի չէ, նաև «պայքարիստների» կողմից բավականին վատ դրության մեջ դրվեց: Նա նույնքան ատելի է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից:
Այս իրողության պայմաններում Զարուհի Փոստանջյանը չի կարող մտածել քաղաքապետ ընտրվելու մասին, բայց դրա մասին չէ, որ ուզում էինք խոսել:
Բանն այն է, որ համատարած շոուի մեջ իր դերը բավականին լավ կարող է խաղալ հենց Զարուհի Փոստանջյանը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ինչ-որ համաձայնության արդյունքում նա ստանա բավարար քվեներ և ընտրվի քաղաքապետ:
Ինչպիսի բացահայտում-շոուներ կարող է կազմակերպել Փոստանջյանը. նրա ընտրությունը միանշանակ այս հեղափոխական տրամադրության մեջ է մտնում, և նա այս տեսանկյունից ամենասազական թեկնածուն է: Ո՞վ կարող է, թեկուզ այս փուլում, ավագանու կազմից ընտրվել քաղաքապետ և թեկուզ մի քանի օր կառավարել քաղաքը:
Մի խոսքով, եթե առաջիկայում մեր երկրի չունեցած կրկեսը համարում էինք Ազգային ժողովը, հիմա դրան փոխարինելու է եկել Երևանի քաղաքապետարանը՝ ̀ իր օդիոզ ավագանիներով: