Երևանի քաղաքապետի ընտրությունը հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով
Երևանի քաղաքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով: Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ նիստը կկայանար, եթե նիստին ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին:
Նիստը 30 րոպե ընդմիջվեց, քանի որ այդ պահին միայն ավագանու 5 անդամ էր ներկա՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից 3 օր անց անցկացված նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին:
Նշենք, որ այսօր քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանին լուծարվելու է, և անցկացվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։