Մանվել Գրիգորյանի լուսանկարն արված չէ Կենտրոն ՔԿՀ-ում. դա արվել է շատ ավելի վաղ՝ ՁՊՎ-ում. Արտակ Զեյնալյան
Դատապարտելի է լուսանկարել և դատապարտելի է հրապարակել: Սա, իմ կարծիքով, իրավունքի խախտում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ համացանցում հայտնված լուսանկարին:
«Եթե նույնիսկ դատապարտվածը, ազատազրկվածը տա իր համաձայնությունն իր լուսանկարը հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցը պետք է ծանրութեթև անի՝ հրապարակի՞ արդյոք, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքը ազատորեն չի ձևավորվում: Այդ սկզբունքից ելնելով է, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվել»,- ասաց նախարարը:
Զեյնալյանը նկատեց, որ չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել լուսանկարը. «Անկախ անձից, անկախ անձի նկատմամբ եղած վերաբերմունքից, այդ իրավունքն ունիվերսալ է և պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»:
Նախարարը նշեց, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է ընթանում:
Զեյնալյանը տեղեկացրեց նաև, որ լուսանկարն արված չէ Կենտրոն ՔԿՀ-ում և որ դա արվել է շատ ավելի վաղ՝ ՁՊՎ-ում: