էդ շակալներն ու տականքները, որ վախտին փող են լափել էդ գործի համար, ո՞նց հիմա կբացահայտեն տղայիս սպանությունը․ զոհված զինվորի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված զինվորներ Վալերի Մուրադյանի և Արթուր Ղազարյանի ծնողները՝ Նանա Մուրադյանը և Իրինա Ղազարյանը այնքան էլ հույս չունեն, որ իրենց որդիների գործը կբացահայտվի։
Այդ մասին կանայք ասացին NEWSPRESS.am-ի հետ զրույցում։ Նրանք նկատեցին, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իրենց հետ և խոստացել գործը վերաբացել։
Իրինա Ղազարյանի որդու՝ Արթուր Ղազարյանի սպանության գործը հանվել է կասեցումից, իսկ Վալերի Մուրադյանի գործն ընթացքի մեջ է, սակայն մայրերը մեծ հույսեր չեն կապում։ Ղազարյանը նկատում է, որ եթե նախկին ձևով պետք է գործը քննեն, ավելի լավ է՝ կասեցումից չհանեն․
«Եթե 6 ամիս հետո մի երեխու շորերը ցելոֆոնից հանում են՝ արդեն բորբոսնած, ո՞նց կարող են հետք վերցնել․ դա հակառակը՝ հետքը թաքցնելու ու գործը կարճելու համար է արվել։ Հիմա այդ նույն մարդիկ պետք է վերաբացեն գործը ու դրական լուծում տա՞ն»,-ասում է Նանա Մուրադյանը՝ հավելելով, որ պահանջում են ԱԱԾ-ի միջնոդությունը:
«Արդեն վաղուց ժամանակն է, որ ԱԱԾ-ն այդ գործով զբաղվի»,- ասում է նա։
Իրինա Ղազարյանն էլ նկատում է, որ իր որդու գործն արդեն կասեցումից հանվել է և քննվում է, բայց այն նորից նույն անձն է քննում․
«Եթե հին շակալներն ու տականքները պետք է գործը քննեն, ես ո՞նց մտածեմ, որ դրական է լինելու։ Հնարավո՞ր է, որ նախկին տականքը, ով փողը լափել ա էդ գործի համար, հիմա գործը վերաբացի ու սպանությունը բացահայտի»,- նեղսրտած ասաց Իրինա Ղազարյանը։