Մի՛ վախեցեք անուններից, կանչեք ու հարցաքննեք Փաշինյանից ու Խաչատուրովից սկսած բոլորին. Աշոտյան
Պարզեցինք՝ ինչո՞ւ էր հարուցվել քրեական գործը դատախազության կողմից: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Երեկ երեկոյան, երբ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին, որ սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել: Սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը, անկախ նրանից՝ ԱԱԾ է, ՀՔԾ է, հարուցեց քրգործ: Պարզեցինք՝ ինչո՞ւ էր հարուցվել քրեական գործը»,- ասաց Աշոտյանը՝ ներկայացնելով իր տարբերակը՝ գործը հարուցվել է կանխելու ու խոչընդոտելու համար խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը:
«Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ՝ նիստից մի օր շուտ գործ եք հարուցում: Հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ: Խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական: Այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունք»:
Ըստ Աշոտյանի՝ այդ սկզբունքներից առաջինը մաքսիմալ թափանցիկությունն է: Նա առաջարկեց բոլոր նիստերն օնլայն հեռարձակել: Երկրորդ սկզբունքն, ըստ Աշոտյանի, անուններից չունենալն է ու բոլորին կանչելը, ում ուզում են հարցաքննել՝ Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով: Երրորդ սկզբունքն էլ այն է, որ պետք է գտնել ճշմարտությունը, որքան էլ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:
«Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբանները, պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը, և այդ ձևը կա ու բովանդակությանը չի խանգարելու»,- եզրափակեց Աշոտյանը: