Հլը մի հատ թա՛փ տվեք, կանխե՛ք բռնապետի ծնունդը...
«Հիշո՞ւմ եք, երբ Հանրապետական կուսակցությունը մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետությանը, ես այս ամբիոնից ասացի, որ ՀՀԿ-ն ինքնասպանություն է գործել: Հիմա ՀՀԿ-ի որոշ գործիչներ սկսել են հայտարարություններ անել, թե նպատակահարմար չեն գտնում գնալ արտահերթ ընտրությունների, որից հետո հիմա ես պետք է ասեմ՝ հլա մի հատ ձեզ թա՛փ տվեք, թափ տվեք՝ տեսեք, թե ձեր ամեն մի կտորը որտեղ ա ընկնելու, էդ դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ես վարչապետ ընտրվե՞մ, թե՝ չէ»։
Սա մի հատված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքյան ելույթից, որտեղ նա անդրադարձավ վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Հիմա էլ նրանց միացել են արտախորհրդարանական ուժեր և ասում են, թե կարող են իրենք դեմ լինել խորհրդարանական ուժերին, հիմա պետք է ասեմ՝ ինչպես Սերժը կասեր՝ իյա՜, իրո՞ք»։
Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հանրահավաքին մասնակցող բազմության ականջին կաթեցրեց, որ հենց պետք լինենն՝ էլի ոտքի կանգնեն, ճանապարհ փակեն։
Փաշինյանը, որպես եսակենտրոն և եսասեր պաշտոնյա՝ դարձյալ թելադրեց օրակարգ՝ մատ թափ տալով բոլոր նրանց վրա, ովքեր սև են ու չեն կիսում իր կիսատ-պռատ թիմի տեսակետը։
Ինչն է հետաքրքիր, որ վարչապետն, իր խամաճիկ Հայկ Մարությանի թերությունները ծածկելու համար, ամեն անգամ հանրահավաքյան ելույթները համեմում է ժողովրդահահաճո արտահայտություններով, իսկ հասարակությանը բաժին են հասնում միայն զգացմունքային ելույթներն ու ուրիշ ոչինչ։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է չգիտակցել, որ մերկապարանոց հայտարարություններով այլևս հրապարակ չի լցնելու և ստիպված է լինելու գործի գցել այն, ինչն իր մոտ շատ լավ է ստացվում՝ շանտաժը։
«Ժողովուրդը տեսնում է՝ որ պահին ուզենա իշխանությունը մեզանից վերցնի, կարող է այն վերցնել և փոխանցել այդ իշխանությունը»,-ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ փափուկ բարձ դնելով ժողովրդի՝ արդեն շատ փոքր հատվածի գլխի տակ։
Նիկոլ Փաշինյանն այսօր այրեց բոլոր կամուրջները, ուրացավ նեղության պահին իրեն սատար կանգնած իր թիմակիցներին, ասաց՝ «գնանք ձորից ընկնենք, որ ձեր աջակցության կարիքն ունենանք»։
Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ դառնում է անկառավարելի բռնապետ՝ առաջնորդվելով՝ «ով ինձ հետ չէ, ինձ դեմ է» կարգախոսով։