Չկա այնպիսի երևույթ, որը նախաձեռնի իշխանությունը և մտահոգիչ չլինի
Փայտը երկու ծայր ունի. չկա այնպիսի երևույթ, որը նախաձեռնի իշխանությունը և մտահոգիչ չլինի։ Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, իր տեսակետը հայտնեց «Հայ համազգային շարժում» կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը:
Նա նկատեց, որ իրենք դեռ տարիներ առաջ բարձրաձայնել են Հայաստանում դեպի խորհրդարանական կառավարման անցնելու կարևորության մասին, որին իշխանությունները դրական արձագանք չեն տվել: Այժմ ՀՀՇ կուսակցության ղեկավարի համար զարմանալի է, որ իշխանությունն ինքն է նախաձեռնել այս փոփոխությունը: Ու չնայած նրան, որ այս փոփոխությունն իշխանության նախաձեռնությունն է` ՀՀՇ-ն սկզբունքորեն կմնա իր նախկին դիրքորոշմանը:
Ինչ վերաբերում է քարոզարշավներին, ապա կուսակցությունը ձեռնպահ կմնա դրանից, քանի որ քարոզարշավին ներգրավված ուժերի գործելակերպը Արարատ Զուրաբյանի գնահատմամբ` անհասկանալի է.
«Նրանք, ովքեր երբևէ կողմնակից չեն եղել խորհրդարանական կառավարմանը, ասում են՝ «այո», իսկ ովքեր կողմնակիցներն են եղել, «ոչ» են ասում»,-մանրամասնեց բանախոսը: